Նորություններ

Լրատվություն

Մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովը

01.12.2016



ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրենացված համագործակցության համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Ինձ համար շատ հաճելի է այսօր ողջունել ապակենտրոնացված համաժողովի մասնակիցներին. համաժողով, որն ուղղակիորեն կապում է հայ-ֆրանսիական գյուղական համայնքներ, քաղաքներ, բնակավայրեր և ստեղծում է մի հարթակ, որտեղ մեր երկրների ներկայացուցիչները կարողանում են ուղղակիորեն հարաբերվել` զարգացնելով տեղական ինքնակառավարումը, զարգացնելով գյուղական բնակավայրերը, զբոսաշրջությունը և այլ ոլորտներ: Այսօր մենք մեր երկրում ունենք խնդիրներ` կապված համաչափության բացակայության հետ, կապված աղքատության մակարդակի մեծ տարբերությունների հետ Երևանում և մարզերում, կապված մեր հեռավոր սահմանամերձ շրջաններում գործիքների, միջոցների բացակայության հետ, և համագործակցությունը դառնում է այն հիմնական օղակը, որով մենք կարողանում ենք փոխադարձաբար տեսնել, օգտվել և կառավարման նոր ձևեր ներմուծել մեր երկրում: Ես ինքս համագործակցության բազմաթիվ օրինակներ եմ տեսել Հայաստանում` Տավուշի մարզում, Լոռիում, Սյունիքում, Շիրակում և այլուր: Գիտեք` միայն նյութական օժանդակությունը չէ, որ համագործակցությունը բերում է փոխադարձ երկու կողմերին, այստեղ շատ ավելի կարևոր է, որ մենք կարողանում ենք մեր ֆրանսիացի բարեկամներից փորձ ընդօրինակել համայնքները կառավարելու, մասնակցայնությունը մեծացնելու, ժողովրդի հետ տեղական ինքնակառավարման ամրապնդման խնդիրները լուծել և տնտեսական զարգացման նոր մոդելներ ներդնել գյուղական համայնքներում, փոքր քաղաքներում և մարզերի այլ բնակավայրերում: Այս հարթակը մշտապես օգտագործելու ենք սովորելու, ամրապնդելու մեր երկու երկրների միջև կապերը:

Սիրելի բարեկամներ,

թույլ տվեք շնորհավորել համաժողովի բոլոր մասնակիցներին, ցանկանալ, որ այս հարթակը մենք փոխադարձաբար օգտագործենք առավելագույնը անելու մեր երկու երկրների և ժողովուրդների համար»:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի (տեղական ինքնակառավարման մարմինների ֆեդերացիա) համատեղ ուժերով` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Ապակենտրոնացված համագործակցության ֆրանսիական ազգային հանձնաժողովի հովանու ներքո: Համաժողովի նպատակն է հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների համար ստեղծել մասնագիտական փորձի փոխանակման, համատեղ փոխգործակցության տիրույթները ընդլայնելու հարթակ` վերահաստատելու հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների կարևորությունը և մատնանշելու զարգացման հետագա ուղությունները:

Համաժողովի քննարկման հիմնական ոլորտներն են` գյուղատնտեսությունը, կրթությունը և թվային տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և քաղաքային ենթակառուցվածքները՝ թեմաներ, որոնք տարածքների տնտեսական զարգացման տեսանկյունից կհանգեցնեն սեմինարների և համապատասխան վայրեր այցերի: Կգումարվի նաև լիագումար նիստ՝ նվիրված տեղական ժողովրդավարության գործում քաղաքացու դերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին