Նորություններ

Լրատվություն

Ուսուցանվում են ապագա մանկավարժները

07.12.2015

Այս օրերին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները դասընթացներ են անցկացնում տարբեր կրթօջախներում: Հերթական հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի I, II, III կուրսերի և հեռակա ուսուցման I կուրսի ավելի քան 80 ուսանողների համար: Հանդիպմանը մասնակցում էին նաև ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Խոյեցյանը, ամբիոնի դասախոսներ՝ մանկ. գիտ. թեկնածու Ա.Աջամօղլյանը, աշխ. գիտ. թեկնածու Ն.Սամվելյանը, մանկ. գիտ. թեկնածու Ս.Դայանը և աշխ. գիտ. թեկնածու Մ.Մաթևոսյանը:

Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներ Ա.Անտոնյանը, Հ.Կիրակոսյանը և Ա.Գևորգյանը ներկայացրին զեկույցներ, իսկ Կ.Բարսեղյանը հարցազրույց տվեց մանկավարժական համալսարանի կայքի համար: Ներկայացված թեմաներն էին՝ «Սպիտակի երկրաշարժի ավերածությունների պատճառները, շենքերի և շինությունների տիպերը և սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրները», «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները», «Պատվարների անվտանգությունն ուժեղ երկրաշարժի դեպքում, վտանգավոր տարածքներում ապրող բնակիչների գործողությունները պատվարի հնարավոր փլուզման դեպքում»:

Զեկուցումները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ուսանողների մոտ: Նրանք բազմաթիվ հարցերով դիմեցին զեկուցողներին, որոնք յուրաքանչյուր հարցին տվեցին ամբողջական պատասխան:

Հանդիպման վերջում ելույթ ունեցան նաև ներկա դասախոսները: Ամբիոնի վարիչ Ա. Խոյեցյանը շնորհակալություն հայտնեց բովանդակալից դասընթացի համար և ամփոփելով՝ ընդգծեց հետագա համագործակցության կարևորությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին