Նորություններ

Լրատվություն

Հայ-ճապոնական համագործակցության նոր հեռանկարներ ԱԻ ոլորտում

25.11.2015

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը հյուրընկալեց Ճապոնայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրաի Հիրոմիցուին: Այցի նպատակն էր քննարկել ԱԻ ոլորտում Հայաստանի և Ճապոնայի միջև ձևավորված ակտիվ համագործակցության արդյունքները և հեռանկարները:

Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով այցելության համար` Ս. Ազարյանը նշեց, որ հայկական կողմը Ճապոնիայի և, մասնավորապես, JICA-ի հետ բավական երկար և արդյունավետ համագործակցության փորձ ունի.

-2014 թ. փետրվարից ՏԿԱԻ նախարարությունը ճապոնական գործակալության հետ համատեղ իրականացնում է «ՀՀ սողանքային աղետների կառավարում» եռամյա ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կատարել տարածքի վտանգավոր հատվածների մոնիթորինգ, ուսումնասիրություն և քարտեզագրում։ Այդ նպատակով ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ: Ծրագրի առաջին փուլում 11 առավել վտանգավոր սողանքային գոտիներից ընտրվել է 2-ը՝ Գետահովիտ և Առափի համայնքների սողանքները, որտեղ իրականացվում է հակասողանքային պիլոտային ծրագիր:

ՓԾ տնօրենի խոսքով` հետագայում նման ծրագիր կարող է իրականացվել նաև Ողջաբերդ համայնքում: Ս. Ազարյանը հյուրին ներկայացրեց նաև JICA-ի հետ համագործակցության մյուս ուղղությունները, որոնք վերաբերում են սեյսմիկ ռիսկի կառավարման և Ճապոնիայի կողմից տրամադրվելիք տեխնիկական աջակցության ծրագրերին: Մասնավորապես, Ճապոնիայի կառավարությունը ներկայումս քննարկում է Հայաստանին 39 միավոր հրշեջ-փրկարարական մեքենա տրամադրելու հարցը:

- 2010 թ. Հայաստանին տրամադրված 28 նոր հրշեջ մեքենաների ծրագիրն իսկապես շատ արդյունավետ էր: Մեր կազմակերպությունն իր անունից այդ փաստն արձանագրող երաշխավորագիր է ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը` հավաստելով, որ ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը մեքենաների շահագործման միջոցով մեծապես բարելավել է ոլորտի կարողությունները,- ընդգծեց Մ. Հիրոմիցուն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փրկարար ծառայությանը հրշեջ մեքենաների տրամադրման դեպքում դրանց տարածքային բաշխման, մեքենաների սպասարկման, շահագործման և սպասարկող անձնակազմի վերապատրաստման հետ կապված հարցեր:

  

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին