Նորություններ

Լրատվություն

ՏԿԱԻՆ Հոգեբանական ծառայությունն այսօր և վաղը

11.11.2015

Արդեն մեկ տարուց ավելի ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գործում է հոգեբանական ծառայությունը:

Սպիտակի երկրաշարժից յուրացված դասերի լավագույն արդյունքը մեր երկրում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի ձևավորումն էր: Ստեղծվեցին կանխատեսման, կանխարգելման և արձագանքման ստորաբաժանումներ ու ծառայություններ, փրկարարական մասնագիտացված ջոկատներ, սակայն, կարևորագույն մի ծառայություն՝ տուժած բնակչության, նրանց հարազատների, անընդհատ վտանգների մեջ հայտնվող և նյարդային մեծ լարումով աշխատող փրկարարների հոգեբանական աջակցության ծառայությունը, դեռևս ձևավորված չէր:

2014թ. մայիսին ստեղծված հոգեբանական առաջին ստորաբաժանման հիմնական նպատակն է եղել քաղաքացիներին հոգեբանական խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև՝ դեպքի վայրում տուժածին հոգեբանական աջակցության ցուցաբերումը: Սահմանվել է շուրջօրյա ծառայություն, և հմուտ աշխատակիցներն առ այսօր կատարում են իրենց առջև դրված խնդիրները:

Հոգեբանական ծառայությունն ընդլայնում է իր գործունեությունը, և, այսուհետ, նախարարության համակարգում բացի 911 հեռախոսահամարից` կգործեն նաև այլ հեռախոսահամարներ և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքում գործող էլ-հասցեի միջոցով, քաղաքացիները հնարավորություն կունենան նաև անանուն նամակագրական կապի միջոցով կիսվել իրենց, իրենց երեխաների, ընտանեկան, բռնության ու մի շարք այլ սոցիալ- հոգեբանական գործոններ պարունակող խնդիրների վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ հոգեբանական ուղղվածությամբ զանգերը ստացվում են նաև մարզերից, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում նույնպես հոգեբաններ կաշխատեն: Նրանք կմատուցեն շուրջօրյա հոգեբանական ծառայություն:

Այս ամենը դեռ սկիզբն է:

Մենք ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը, ինչպես նաև՝ համագործակցության նոր եզրեր գտնում: Սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ, համատեղ աշխատանքներ են տարվում՝ ծառայությունը նորագույն տեխնիկական սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ:

Այսօր կադրերի ընտրությունը մեր համակարգում դրված է ամուր հիմքերի վրա, և ծառայության տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն կընձեռի հոգեֆիզիոլոգիական հետազոտություն անցկացնել՝ բացահայտելով դիմորդների և անձնակազմի նյարդային համակարգի առանձնահատկությունները, հիշողությունը, ինտելեկտը, ուշադրությունը, սթրեսակայունության մակարդակը և մի շարք այլ կարողությունների որակական հատկանիշներ:

Ինչպես նաև կստեղծվի տեխնիկայի վերջին խոսքով հագեցած կենտրոն` աղետից տուժած անձանց և անձնակազմի հետ վերականգնողական աշխատանքներ տանելու համար:

Մեր տեսլականն է՝ ունենալ նվիրված և պրոֆեսիոնալ անձնակազմով, մեծ հեղինակությամբ, վստահություն և հարգանք վայելող հոգեբանական ծառայություն, որը հագեցած կլինի ամենաժամանակակից սարքավորումներով, համագործակցելի և փնտրված գործընկեր միջազգային կառույցների համար:

Ծառայությունը լուրջ խնդիրներ ունի լուծելու մեր երկրում, և մենք միասին պետք է զարգացնենք այն հանուն սթրեսակայուն հասարակություն ունենալու տեսլականի:

ՃԿԱԿ Հոգեբանական խորհրդատվական գծով ավագ հրահանգիչ
Արևիկ Երիցյան


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին