Նորություններ

Լրատվություն

ՏԿԱԻ նախարարն ընդունել է ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին

11.11.2015

Նոյեմբերի 11-ին կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի և Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Օբաիդ Խալիֆա ալ-Քաաբի առաջին հանդիպումը: Հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտներում համագործակցության եզրեր ստեղծել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև:

ՏԿԱԻ նախարարը ալ-Քաաբին ներկայացրեց նախարարության գործունեությունը՝ նշելով, որ որպես Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրա-տնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ՝ կանի առավելագունը՝ համապատասխան բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությանը թափ հաղորդելու համար:

Շնորհակալություն հայտնելով նախարար Երիցյանին ջերմ ընդունելության համար՝ Օբաիդ Խալիֆա ալ-Քաաբը նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները խորապես հետաքրքրքված են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցությամբ և փորձի փոխանակմամբ՝ մասնավորապես երեխաների պաշտպանության բնագավառում: Օբաիդ Խալիֆա ալ-Քաաբը նախարար Երիցյանին հանձնեց Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ Բին Զայեդ ալ-Նահյանի հովանու ներքո անցկացվող «Մենք կպաշտպանենք» խորագրով երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին մասնակցելու հրավեր-նամակը՝ նշելով, որ արաբական կողմի համար չափազանց կարևոր է նախարարի անմիջական մասնակցությունը համաժողովին:

Ընդունելով հրավերը՝ ՏԿԱԻ նախարարը նշեց, որ երեխաների բարեկեցության և իրավունքների պաշտպանության խնդիրներով ՏԿԱԻՆ-ը զբաղվում է նաև տարածքային կառավարման իր գործառույթների շրջանակում՝ հետևելով համայնքներում դպրոցների և նախակրթարանների բարեկարգմանը:

Հանդիպման ավարտին երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության զարգացման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարի և ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարի միջև բանավոր համաձայնություն կնքվեց ԱՄԷ-ի փոխվարչապետ, ՆԳ նախարար Սեյֆ բին Զայիդ ալ-Նահյանի հետ հնարավոր հանդիպումների և աշխատանքային քննարկումների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին