Նորություններ

Լրատվություն

Ունենալու ենք կայուն և բարեկեցիկ համայնքներ

10.11.2015

Նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Գյուղական համայնքների 5-րդ համաժողովը: Այն կազմակերպել էր ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը:

Նպատակն էր անցկացնել գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպում, ինչպես նաև փորձի, իրականացվող քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով ավելի արդյունավետ դարձնել գյուղական համայնքներում տարվող կայուն զարգացման քաղաքականությունը:

Նման հանդիպումները հնարավորություն են տալիս ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքների խնդիրները, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության, շահագրգիռ մարմինների ու կառույցների միջև երկխոսության միջոցով աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:

Համաժողովի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, կառավարության այլ անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետներ և 129 համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, շուրջ երեք տասնյակ տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը՝ գործընկերներին շնորհավորելով տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման օրվա կապակցությամբ:

Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը մասնավորապես ասաց.

- Այս տարվա համաժողովի օրակարգում ներառված են գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներին առնչվող խնդիրներ: Դրանցից առաջինը նախանշում է գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը և եկամուտները, երկրորդը` նոր ձևավորվող գործունեությունը և հնարավորությունները։ Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել և մնում են գյուղացու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միևնույն ժամանակ՝ իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու և եղած իռիգացիոն համակարգերը բարեկարգելու ուղղությամբ: Մենք նաև հետևողական աշխատանքներ ենք իրականացնում համայնքներում տեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման ուղղությամբ: Ասվածիս վառ ապացույցն է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» ծրագրի իրականացման համար այս տարվա հոկտեմբերին Մեխիկո քաղաքում կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովում Հայաստանի ստացած մրցանակը: Հավատացնում եմ, որ իրականացվող բարեփոխումները լինելու են շարունակական: Վստահ եմ՝ ունենալու ենք կայուն և բարեկեցիկ կենսամիջավայր ապահովող համայնքներ:

Տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հ. Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին, Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգին և ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին:

ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ակտիվ մասնակցության համար կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց նաև «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Ջեմմա Հասրաթյանին:

Վարչապետը բարձր գնահատեց նաև Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև միջազգային մյուս կառույցների դերակատարությունը վարչատարածքային բարեփոխումների գործընթացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին