Նորություններ

Լրատվություն

Պարգևներ միջազգային որակավորում ստացած փրկարարներին

04.11.2015

Նոյեմբերի 4-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կայացավ միջազգային որակավորում ստացած փրկարարների պարգևատրման և կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:

ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորման գործընթացի նախապատրաստման և բարձր ցուցանիշներով որակավորման քննություն-վարժանքը անցկացնելու համար ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից նախարարության 45 աշխատակից պարգևատրվեց մեդալներով և պատվոգրերով:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով՝ «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալով պարգևատրվեցին INSARAG-ի 6 անդամ, «Անվեհեր փրկարար» մեդալով՝ 15, «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով՝ 26 աշխատակից: Նախարարի հրամանով ՀՀ ՏԿԱԻՆ պատվոգրեր շնորհվեց փրկարար ծառայության 5 աշխատակցի: Հանդիսավոր արարողությանը ՓԾ մի շարք աշխատակիցների շնորհվեց նաև լեյտենանտի կոչում:

Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց փրկարարներին՝ խրախուսման և կոչումների շնորհման, ինչպես նաև INSARAG-ի անդամակցության կապակցությամբ և ընդգծեց, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի է բարձր գնահատականի. 

- Հպարտ ենք, որ նման պատրաստված թիմ ունենք: Չորս տարի աշխատել ենք և երազել INSARAG-ի անդամակցության մասին: Սկզբում կարծում էինք, որ դա անհնար է, քանի որ դրա անդամները հզոր երկրներ են, բայց ձեր շնորհիվ մենք հաղթահարեցինք այդ բարդ արգելքը: Սա անշուշտ վկայում է այն մասին, որ մենք հրաշալի թիմ ունենք: Դուք կարողացաք 4 տարվա մեջ անել անհնարինը: Օտարերկրյա փորձագետները հաճելիորեն զարմացած էին:

Հետխորհրդային երկրներից ընդամենը մի քանիսն են այդ կառույցի անդամ, իսկ մեր հարևան երկրներից միայն Թուրքիան է անդամակցում: Կարծում եմ, որ այս հաջողությունը չպետք է ազդի մեր հետագա աշխատանքների վրա: Սա մեր առաջին քայլն է, քանի որ հետագայում միջազգային փորձագետներին պետք է ապացուցենք մեր արժանիքը: Շնորհակալ եմ ձեզ, միշտ կլինեմ ձեր կողքին և կաջակցեմ յուրաքանչյուր հարցում: Հաջողություն եմ մաղթում:

Լրագրողների հետ զրույցում նախարար Ա. Երիցյանը նշեց, որ շատ է կարևորում ՔՈՓ թիմերի անդամակցության փաստը, քանի որ Հայաստանի համար դա մեծ հպարտություն է.

- Մենք INSARAG-ի 34-րդ անդամն ենք. այնտեղ միայն հզորագույն երկրների թիմեր են՝ Ճապոնիա, Չինաստան, ՌԴ, Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն: Շատ երկրներ են ձգտում դառնալ այդ կառույցի անդամ: Այսօր ես խրախուսեցի մեր տղաներին, քանի որ նրանք դրա իրոք արժանի էին: Տասը երկրի փորձագետներ զարմացած էին, որ մեզ նման փոքր պետությունը կարողացավ հաղթահարել այդ բարդ արգելքը: Խոշոր աղետի դեպքում ՄԱԿ-ի խողովակներով մեր փրկարարական թիմը կլինի աղետի գոտում, ինչը մեծ պատիվ է Հայաստանի համար:

Հիշեցնում ենք, որ այս տարվա սեպտեմբերին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական 2 թիմերը պատվով հաղթահարեցին ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց չափազանց բարդ և պատվաբեր արտաքին որակավորման քննություն-վարժանքը և ստացան միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ: ՄԱԿ-ում նման որակավորում անցնելը մեծ պատիվ է Հայաստանի համար, քանի որ նույնիսկ շատ զարգացած պետություններ դեռևս չունեն այդ կառույցին անդամակցելու համապատասխան պատրաստվածություն:

INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991 թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985 թ. Մեքսիկայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 2011 թ. Հայաստանը հայտ էր ներկայացրել INSARAG-ի արտաքին որակավորում անցնելու համար։ Դրանից հետո ստանալով համապատասխան վկայական` Հայաստանը դարձել է տարածաշրջանում միակ երկիրը, որի փրկարարական թիմերն իրավունք են ստացել մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին