Նորություններ

Լրատվություն

Ազգային աշխատաժողով՝ Աղետների ռիսկի նվազեցման թեմայով

04.11.2015

Նոյեմբերի 4-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) թեմայով ազգային աշխատաժողով, որի նպատակն էր ամփոփել ԱՌՆ ձեռքբերումները, ներկայացնել ԱՌՆ Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրը, ինչպես նաև Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) հենքի վրա ՀՀ ՏԿԱԻՆ հիմնական գործընկերների հետ քննարկել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հետագա մոտեցումները և ծրագրերը:

Աշխատաժողովին, որը կազմակերպել էին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը, ԱՌՆԱՊ հիմնադրամը և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը, ներկա էին ՀՀ ՏԿԱԻՆ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական կառույցների, Համաշխարհային ու Ասիական զարգացման բանկերի, միջազգային մարդասիրական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մինչ աշխատանքային օրակարգին անցնելը՝ աշխատաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերի հիշատակը:

ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, նախարար Ա. Երիցյանի և նախարարության անունից ողջունելով ներկաներին, արդյունավետ աշխատանք մաղթեց աշխատաժողովին.

- Հայաստանը արձանագրել է մի շարք ձեռքբերումներ՝ ԱՌՆ քաղաքականության մշակման և ներդրման ուղղությամբ, ինչը հնարավոր է դարձել նաև գործընկեր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում: Մենք ամենայն պատասխանատվությամբ կարող ենք փաստել, որ Հյոգոյի գործողությունների ծրագիրն իր առաքելությունը լիովին կատարել է՝ ձևավորելով ԱՌՆ համակարգի և դիմակայունության մշակույթի արդյունավետ զարգացման հիմքեր: Այս տարիների ձեռքբերումների հիման վրա մենք պետք է ավելի կառուցողական իրականացնենք Սենդայի 2015-2030 թթ. ԱՌՆ գործողությունների ծրագրի գերակայությունները,- ընդգծեց Հ. Մխիթարյանը:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն իր ելույթում կարծիք հայտնեց, որ աղետների ռիսկերը հնարավոր չէ նվազեցնել առանց կառավարության ու քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի.

- Մենք բոլորս պատրաստ ենք համագործակցել ու համակարգել այս աշխատանքները,-ասաց Բ. Բուզետոն՝ ընդգծելով, որ Հայաստանն արդեն իսկ մեծ ձեռքբերում ունի՝ անդամակցելով ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին (INSARAG):

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էիջի Տագուչին՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ՏԿԱԻ նախարարին և ՄԱԶԾ մշտական համակարգող Բրեդլի Բուզետոյին արդյունավետ համագործակցության համար, մասնավորապես ասաց.

- Մեծ նվաճում է, որ աղետների ռիսկի նվազեցումն ընդգրկված է կառավարության ծրագրերում: Հուսով ենք, որ Սենդայի գործողությունների ծրագիրը ևս նույն սկզբունքով կիրականացվի, իսկ Ճապոնիայի կառավարությունը կաջակցի այդ աշխատանքներին:

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին և կարևորեց նրանց փոխգործակցությունն ու մասնակցությունը ծրագրերի իրականացմանը: Նա տեղեկացրեց, որ հրապարակվել են «ԱՌՆ Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների» ծրագրի և «Ֆուկուսիմայի աղետից քաղված 10 դասերը» գրքույկների հայերեն թարգմանված տարբերակները,որոնք կարող են լինել ԱՌՆ լավագույն իրազեկման միջոցներից:

Աշխատաժողովին ՏԿԱԻՆ փ/ծ տնօրենի տեղակալ, Սենդայի գործողությունների ծրագրի համակարգող, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հանգամանալից ներկայացրեց ԱՌՆ Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրը, որի արդյունքում ակնկալվում է աղետների ռիսկի և կյանքի, ապրուստի և առողջության, ինչպես նաև մարդկանց, ձեռնարկությունների, համայնքների և պետությունների տնտեսական, ֆիզիկական, սոցիալական, մշակութային և բնապահպանական կորուստների էական նվազեցում:

Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվում է իրազեկման խոշոր ծրագիր՝ Սենդայի գործողությունների հանրայնացման ուղղությամբ: Բացի դրանից, դեկտեմբերի 15-16-ը Երևանում կանցկացվի «Լրատվամիջոցները՝ հանուն աղետակայուն Երկիր մոլորակի» միջազգային համաժողով, որին ակնկալվում է ԱՌՆ հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մագարետա Վալստրոմի մասնակցությունը: Համաժողովի շրջանակում կձևավորվի աշխատանքային խումբ, որը կմշակի ԱՌՆ ռազմավարությունը հետագա 15 տարվա համար:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև Կայուն Զարգացման մեջ ԱՌՆ ընդգրկման, Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման հիմնական խնդիրների, դպրոցների անվտանգության գլոբալ նախաձեռնության, Համաշխարհային Բանկի աջակցությամբ ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի ընդհանուր մոտեցումներին, «Խելացի քաղաք» հայեցակարգին վերաբերող հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին