Նորություններ

Լրատվություն

«Ինչ անել երկրաշարժի դեպքում». ուսումնավարժանք ՏԿԱԻՆ փրկարար ծառայության կողմից

23.10.2015

Հոկտեմբերի 23-ին «Հիմնարար Հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ի «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության կողմից անցկացվեց «Երկրաշարժի դեպքում այցելուների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արագ արձագանքման կազմավորումների, բիզնես կենտրոնի աշխատակիցների` հնարավոր երկրաշարժին արձագանքելու գիտելիքներն ու պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել վերջիններիս գործնական ունակությունները:

Ուսումնավարժությունում ներգրավված էին ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության կենտրոն բաժնի հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Երևան Պլազա» բիզնես կենտրոնի հասարակական կարգի պահպանության, փրկարարական, հակահրդեհային, հետախուզական, առաջին բուժօգնության կազմավորումները և տարհանման խումբը:

Նախանշված սցենարի համաձայն, տեղի էր ունեցել երկրաշարժ, որի հետևանքով բիզես կենտրոնի շենքի աստիճանավանդակը քանդվել էր, առաջացել էր տուժածներին և տարածքում գտնվող որոշ անձանց այլընտրանքային ճանապարհով տարհանելու անհրաժեշտություն : Բացի այդ, հրդեհ էր բռնկվել շենքի 5-րդ հարկի աշխատասենյակներից մեկում, առկա էր հրդեհի տարածման վտանգ, աշխատակիցները չէին կարողանում դուրս գալ ծխապատ տարածքից:

Հատուկ տակտիկական ուսումնավարժության գործնական միջոցառումները իրականացվեցին երկու տեղամասերում: Օպերատիվ կերպով ազդարարվեցին և տարհանվեցին շենքի աշխատակիցները և այդ պահին շենքում գտնվող անձինք, ահազանգվեց ՏԿԱԻՆ ՃԿԱԿ 911 ծառայություն: Օպերատիվ կերպով դեպքի վայր ժամանած ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության կազմավորումների ուժերով առաջին հերթին արագ գնահատվեց իրավիճակը և կազմվեց գործողությունների հստակ պլան: Շենքում բռնկված հրդեհը արագ մեկուսացվեց և մարվեց ՏԿԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ փրկարարական հաշվարկների ջանքերով: Հասարակական կարգի պահպանման կազմավորումը, համագործակցելով ՀՀ ոստիկանության ուժերի հետ, իրականացրեց տարածքի շրջափակում, ուժեղացվեց հասարակական կարգի պահպանումը: ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ԵՓՎ Կենտրոն բաժնի փրկարարական ուժերը ավտոսանդուղքի օգնությամբ և այլ հատուկ միջոցների գործադրմամբ տուժածներին իջեցրեցին շենքի բարձր հարկերից, որից հետո բուժօգնության բրիգադները տուժածներին ցուցաբերեցին առաջին օգնություն, կազմակերպվեց ծանր վիրավորների տեղափոխումը մասնագիտացված բժշկական հիմնարկներ:

Ուսումնավարժության ընթացքին հետևում էր ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Ուսումնավարժանքի մասնակիցները բարեհաջող իրականացրեցին իրենց առջև դրված բարդ խնդիրները և կազմակերպեցին շենքում գտնվող անձանց պաշտպանությունն ու բարեհաջող տարհանումը: Շենքում բռնկված հրդեհները մեկուսացվեցին և մարվեցին:

Ուսումնական վարժանքի ավարտից հետո փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը հայտնեց, որ վարժանքը անցավ բարձր մակարդակով և ընդհանուր առմամբ այն գնահատեց բավարար: Մուշեղ Ղազարյանի կարծիքով` այսպիսի ուսումնական վարժանքները կարևոր են նաև արձանագրված թերությունները բացահայտելու և դրանք հետագայում բացառելու տեսանկյունից: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նկատեց, որ այսպիսի վարժանքները կրում են պարբերական բնույթ և ամեն տարի մի քանի անգամ անցկացվում են ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության կողմից: Մուշեղ Ղազարյանը նշեց, որ նման միջոցառումների իրականցմամբ ոչ միայն ստուգվում են փրկարարների մասնագիտական ունակությունները, այլև՝ քաղաքացիները սովորում են արտակարգ իրավիճակներում վարքագծի ճիշտ կանոններ: Ամփոփելով վարժանքը՝ Մ. Ղազարյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց փրկարարներին և ազդարարեց ուսումնավարժանքի ավարտը:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին