Նորություններ

Լրատվություն

Միայնակ տարեցներն ուշադրության կենտրոնում են

23.10.2015

Հոկտեմբերի 23-ին Գերմանական Կարմիր խաչի «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տրվեց «Գթության խոհանոց» ծրագրի 22-րդ տարեշրջանի մեկնարկը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Պատվո հովանու ներքո գործող «Գթության խոհանոց» ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի շուրջ 450 տարեց, միայնակ և սոցիալապես անապահով քաղաքացի օրական մեկ անգամ ճաշ է ստանում և օգտվում «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեն, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:

Երևանի փոխքաղաքապետ Դ. Օհանյանը քաղաքապետարանի անունից ողջունելով ներկաներին` շնորհակալություն հայտնեց երկար տարիներ Հայաստանում իրականացվող մարդասիրական գործունեության համար: Արդեն 3-րդ շրջանն է, ինչ ծրագիրը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ:

ԳԴՀ դեսպան Մ. Քիսլերն իր ելույթում կարևորեց մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությունը.

-Միջկառավարական ծրագրերի կողքին այսօր առաջնային է և կարևոր մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությունը: Դեսպանատունը շարունակելու է աջակցել այս կարևոր ծրագրին: Սա հաջողված օրինակ է բոլորիս համար, և վստահ եմ, որ ծրագիրը շարունակական կլինի:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի ողջույնի խոսքը փոխանցեց ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը.

-Երկար տարիների ընթացքում ՀՀ կառավարության և Կարմիր խաչի համագործակցությունը տվել է իր դրական արդյունքները: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի և նախարարության ամբողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախ և առաջ Կառլ-Հայնց Շայդեից: Ձեր ծավալած գործունեության մեջ կա մեծ սեր և ջերմություն, որը Դուք փոխանցում եք կարիքավորներին:

Քահանա Կառլ-Հայնց Շայդեն իր խոսքում փոխադարձաբար շնորհակալություն հայտնեց և պաշտոնապես հայտարարեց «Գթության խոհանոցի» հերթական տարեշրջանի բացման մասին.

-Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Այդ խոսքերը ես ցանկանում եմ փոխանցել նաև իմ ամբողջ թիմին: Եթե չլինեին նրանք, չէր լինի այսօրվա աշխատանքը: Ասում են՝ լավ աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է լավ ընկերներ ունենալ: Ես հետևում եմ այդ մտքին, և ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին: Մեր ծրագրերը չէին կարող հաջող ընթանալ, եթե չլիներ Ձեր ուշադրությունն ու աջակցությունը: Շնորհակալ եմ:

Կարիքավորներին ցուցաբերվող սոցիալական օժանդակությունը տարեցտարի ընդլայնվում է, ընդգրկում տարբեր տարիքային և ռիսկային խմբերի շահառուներ: «Գթության խոհանոց» ծրագրի սահմաններում իրականացվում են նաև «Մանկական սնունդ» և «Տնային խնամք» ենթածրագրերը:

1995 թ. իրականացվող «Մանկական սնունդ» ենթածրագրի շրջանակներում Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանավանի, Թալինի, Լեռնագոգի, Քարակերտի, Կոթիի, Ոսկեվանի և Բերդի հատուկ կարիքներով երեխաների հոգսերով զբաղվող մի շարք համայնքային և ոչ պետական կառույցներ ֆինանսական օժանդակություն են ստանում` երեխաների սննդի կարիքները հոգալու համար:

2004 թ. իրականացվող «Տնային խնամք» ենթածրագրում ընդգրկված են Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հոգալու իրենց առօրյա հոգսերը: Ծրագրի շրջանակներում սոցիալական քույրերը և կամավորներն անհրաժեշտ սոցիալական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում շահառուներին, իսկ «Գթության խոհանոցի» գործելու ամիսներին` տաք կերակուր հասցնում նրանց: Ծայրահեղ կարիքավոր շահառուների համար «Հուսո տանը» գործում են լվացքատուն և լոգասենյակ: Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների 130 շահառուի սպասարկումն իրականացվում է վարչական շրջանների կողմից անվճար հատկացված արտագնա սպասարկման կետերում:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին