Նորություններ

Լրատվություն

Կայացավ «Աղետների ռիսկի նվազեցման» ծրագրի պաշտոնական փակումը

19.10.2015

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կայացավ Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի հայաստանյան բաղադրիչի (ԴԻՊԵԿՈ 3) եզրափակման հանդիսավոր արարողությունը: Այն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով վարչության (ECHO) ֆինանսավորմամբ և ՀՀ ՏԿԱԻ, ԿԳ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ու Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) գործընկերներ կառույցների հետ համագործակցությամբ: Ծրագրի կյանքի կոչման գործում ներգրավված են ԱՌՆԱՊ-ի հիմնական գործընկերներ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Օքսֆամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայելու կարողությունների մակարդակը և նվազեցնել երեխաների և համայնքների խոցելիությունը բնական աղետներին առավել հակված տարածքներում։ Միջոցառմանը ներկա էին տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՏԿԱԻ նախարարի և նախարարության անձնակազմի անունից ողջունելով հյուրերին` ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման գործում ընդգրկված բոլոր կողմերին նշելով.
- Այս ծրագրի նպատակն է նվազեցնել աղետներից խոցելիությունը: Մենք բոլորս գիտենք, որ չնայած նմանատիպ միջոցառումների իրականացմանը և այս ոլորտում հսկայական ներդրումների կատարմանը` աղետները և դրանցից բխող վնասները դեռևս առկա են և նույնիսկ միտում ունեն ավելանալու: Սակայն ծրագրի հիմնական նպատակներից է ձևավորել աղետների դիմակայման մշակույթ, մտածելակերպ և բարձրացնել իրազեկվածության մակարդակը: Մենք բարձր ենք գնահատում բոլոր մասնակից կողմերի աշխատանքը, քանի որ ձեր շնորհիվ կարող ենք նոր սերունդ դաստիարակել և մեծ արդյունք ապահովել աղետների ռիսկի նվազեցման բնագավառում, - ընդգծեց Հ. Մխիթարյանը:

 Ծրագրի ընթացքի, ձեռքբերումների և բացահայտված խնդիրների վերաբերյալ «ԴԻՊԵԿՈ 3»-ի գործընկեր կառույցների անունից զեկույցով հանդես եկավ ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը: Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արդեն իսկ մշակույթ է դառնում այն, որ ԱՌՆ բնագավառում գործունեություն ծավալող միջազգային և տեղական կառույցները` այդ թվում նաև ԴԻՊԵԿՈ ծրագրի իրականացման գործընկերնները, ԱՌՆ ազգային պլատֆորմի հենքի վրա հանդես են գալիս միասնական ճակատով և ազգային համակարգողին՝ ՏԿԱԻ նախարարությանը ներկայացնում իրենց ձեռքբերումներն ու հաշվետվությունը:

Ողջունելով հյուրերին` ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություններ է գրանցել ԱՌՆ բնագավառում, ինչը համախմբված և եռանդուն աշխատանքի արդյունք է:
- 25 տարի առաջ մեր երկիրը գրեթե ոչինչ չուներ, բայց այսօր ունենք հզոր նախարարություն, Հյոգոյի գործողությունների ծրագրի շրջանակներում համախմբվել են բոլոր գերատեսչությունները, միջազգային կազմակերպությունները և ընթանում են մեկ ուղղությամբ: Ես համոզված եմ, որ «ԴԻՊԵԿՈ 4-րդ» ծրագիրը շատ ավելի արդյունավետ է լինելու, ուստի հաջողություն եմ մաղթում հետագա աշխատանքների համար, - եզրափակեց Ն. Գրիգորյանը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին նշեց, որ թեև ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի ֆինանասվորմամբ, դրան մեծապես աջակցում են ընդգրկված բոլոր շահագրգիռ կողմերը, որոնց միասնական նպատակն է Հայաստանում դիմակայման նոր մշակույթի ձևավորումը: ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը նախարարության անունից շնորհակալագրեր հանձնեց ծրագրի շրջանակներում ՏԿԱԻ նախարարության հետ ակտիվորեն աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 


Միջոցառման ընթացքում ՏԿԱԻՆ շարահրապարակում «ԴԻՊԵԿՈ 3»-ի գործընկեր կառույցների շահառուներն իրականացրեցին դիտարժան խաղավարժանքներ: Առաջին կայանում «Սեյվ դը Չիլդրըն» կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցի աշակերտները ներկայացրին «Պատանի հրշեջներ» փոքրիկ բեմականացումը՝ նվիրված հրդեհի ժամանակ վարքականոններին: Երկրորդ տաղավարում Օքսֆամի և Հակյական Կարմիր խաչի ընկերության՝ աղետներին արձագանքման համայնքային կամավորական խմբերը դրսևորեցին ՃՏՊ-ի դեպքում ճանապարհային անվտանգության ոլորտում իրենց հմտությունները: Իսկ վերջում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու թիվ 1 հիմնական դպրոցի երեխաները «Գիտելիքը կյանք է» խորագրի ներքո ցուցադրեցին ԱՌՆ ֆլեշմոբ:

Նշենք, որ 2014թ. մայիսին մեկնարկած՝ «ԴԻՊԵԿՈ III»–ը Հայաստանում ներառում էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերը և Երևանը: Ծրագրի հիմնական նպատակն էր համայնքների կարողությունների ամրապնդում` աղետների ռիսկի նվազեցման առումով բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման միջոցով, աղետներին առավել հակված տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների զարգացում՝ աղետներին առավել լավ պատրաստվելու և արձագանքելու նպատակով, խոցելի խմբերի երեխաների (ներառյալ` հատուկ կարիք ունեցող երեխաների) իրավունքների և կարիքների արտացոլում աղետների ռիսկի նվազեցման ազգային քաղաքականության մեջ և կրթական ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման ներառում։
Մասնավորապես, աղետներից խոցելիության նվազեցմանն ուղղված աշխատանքներ 6 մարզում և Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել են 15 հատուկ դպրոցներում, 2 ցերեկային խնամքի կետրոններում, երեխաների խնամքի 6 հաստատությունում, 21 մանկապարտեզում, 10 հանրակրթական և 20 ներառական դպրոցում։

Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում աջակցություն է տրամադրվել 34 համայնքի՝ աղետների և կլիմայի փոփոխության ազդեցություններից քաղաքացիների կյանքն ու կենսապահովման միջոցները պաշտպանելու նրանց կազմակերպչական և տեխնիկական կարողությունները խթանելու նպատակով։ Շիրակի մարզի 86 դպրոցներում իրականացվել են հրդեհներին դիմագրավման կարողությունների խթանման և իրազեկության բարձրացման միջոցառումներ։

Աջակցություն է տրամադրվել ծառայություններ մատուցողներին, համայնքներին և պետական հաստատություններին աղետների ռիսկերի նվազեցման պլաններ մշակելու և իրականացնելու նպատակով։ Բարելավվել է իրազեկության մակարդակը հանրության, մասնավորապես երեխաների շրջանում՝ տարբեր միջավայրերում և տանը աղետների կանխարգելման պարզ անվտանգության միջոցների կիրառումը խրախուսելու նպատակով։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին