Նորություններ

Լրատվություն

Արմեն Երիցյան. «Մենք պատասխանատու ենք մեր երեխաների առաջ»

13.10.2015

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Այցի շրջանակներում նախարարն Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ Վաղարշապատի թիվ 8 միջնակարգ դպրոցում, թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցում և Աղավնատուն համայնքի` զոհված ազատամարտիկ Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցում:

Շրջելով Վաղարշապատի թիվ 8 դպրոցում` նախարար Երիցյանը ծանոթացավ դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Վերջինս վերանորոգվել է ՀՀ Կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում, մասնավորապես` մոնոլիտով վերականգնվել է դպրոցի ողջ առաստաղը և ամրացվել է տանիքը: Դպրոցում սովորում է 315 աշակերտ: Նախարարն այցելեց նաև դպրոցին կից նախակրթարանը, որն ունի 39 սան: Ա. Երիցյանը զրուցեց նախակրթարանի տնօրենի հետ, հետաքրքրվեց երեխաների առօրյայով և նրանց համար նախատեսված ճաշացանկով:

Ա.Երիցյանի այցի հաջորդ կայանը Վաղարշապատի թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցն էր, որը նույնպես հիմնանորոգվում է նույն ծրագրի շրջանակներում: Դպրոցն ունի 121 սան և նախատեսված է ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 6-15 տարեկան երեխաների համար: Ա. Երիցյանը դպրոցի տնօրեն Լ. Սայադյանի ուղեկցությամբ հետևեց հիմնանորոգման աշխատանքներին և ծանոթացավ դպրոցի առկա խնդիրներին. մասնավորապես քննարկվեց դպրոցի հիմնանորոգվող մասնաշենքի ջեռուցման հարցը:

Աղավնատուն համայնքի Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց ՏԿԱԻ նախարարի այցի առիթը դպրոցի 100-րդ տարեդարձն էր: Նախարարն Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցով, ծանոթացավ դպրոցի ուսուցչական անձնակազմին, ինչպես նաև մասնակցեց կրթօջախի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Նշենք, որ դպրոցում սովորում է 290 աշակերտ:
Շնորհավորելով դպրոցի 100-րդ տարեդարձը` մարզպետ Ա. Ղահրամանյանը մի շարք պարգևներ, շնորհակալագրեր և պատվորգրեր հանձնեց դպրոցի ղեկավար և ուսուցչական անձնակազմին: Հանդիսավոր արարողության ավարտին դպրոցի տոնի կապակցությամբ ուսուցչական անձնակազմին և աշակերտներին շնորհավորեց նաև ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը: Նշելով, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել հանդիսավոր արարողությանը և շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին ու գյուղապետին կատարված աշխատանքների համար` նախարարն ընդգծեց.

- Ես տեսնում եմ, որ դպրոցի զարգացման և բարօրության համար մեծ աշխատանք է տարվել թե’ տնօրենի, թե’ համայնքապետի կողմից: Մեր այսօրվա աշխատանքով մենք պատասխանատու ենք մեր երեխաների առաջ և հաշվետու ենք մեր գալիք սերունդներին: Ուզում եմ նշել, որ, ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ գյուղերը, չպետք է մոռանանք նաև Երևանին մոտ գտնվող համայնքների խնդիրների ու զարգացման մասին, - եզրափակելով իր խոսքը` նախարար Ա. Երիցյանը դպրոցի ուսուցչական կազմի ներկայացուցիչներին և աշակերտներին հրավիրեց այցելելու ՀՀ ՏԿԱԻՆ և ծանոթանալու նախարարության կառավարման գործընթացին և ՃԿԱԿ աշխատանքներին:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ա. Երիցյանը շեշտեց, որ ՀՀ Կառավարությունը` միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, մշակում է դպրոցաշինության նոր ծրագիր` ուղղված ՀՀ մարզերի դպրոցների բարեկարգմանը:

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ա. Երիցյանն այցելեց Մյասնիկյանի գինու գործարան` խաղողի ընդունման գործընթացին ծանոթանալու և գործարանին խաղող մատակարարող գյուղացիների հետ զրուցելու նպատակով: Այս տարի գործարանը պատրաստվում է մթերել 7 հազար տոննա խաղող, ինչը թույլ կտա գյուղացիներից գնել պայմանագրով նախատեսված քանակությունը:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին