Նորություններ

Լրատվություն

Հանդիպում ՏԿԱԻՆ-ում. հստակեցվում են ԱԻ դեպքում նյութատեխնիկական օգնության ուղիները

29.09.2015

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տարածաշրջանային գրասենյակի նյութատեխնիկական հարցերով պատասխանատու Կառլոս Մելենդեսը և ՊՀԾ երևանյան գրասենյակի նյութատեխնիկական հարցերով պատասխանատու Եսայի Նիկոյանը հանդիպեցին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հ. Եմիշյանի ու Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Ա. Վարդանյանի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի ՊՀԾ դերն արտակարգ իրավիճակների ժամանակ և տարածաշրջանային մակարդակով համագործակցության հնարավոր ուղիները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կ. Մելենդեսը ներկայացրեց ՄԱԿ-ի ՊՀԾ-ի գործառություները և դերը ԱԻ արձագանքման ժամանակ: Նրա հավաստմամբ` մինչ կառույցի ձևավորումը ԱԻ ժամանակ ցուցաբերվող նյութատեխնիկական աջակցությունը համակարգված չէր, որը շատ հաճախ հանգեցնում էր ապարդյուն միջոցների կիրառմանը:

- Մենք աջակցում ենք տուժած երկրի կառավարությանը և փորձում ենք օգնել նրանց համակարգման աշխատանքներում: Մեր գործառույթները բաղկացած են 3 հիմնական մասերից` տեղեկատվության տարածում, համակարգում և բեռնափոխադրում ու պահեստավորում: Օժանդակությունը կարող է լինել նաև մեթոդաբանական և վերահսկողական բնույթի, - նշեց Կ. Մելենդեսը:

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար` Հ. Եմիշյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը և առհասարակ տարածաշրջանը գտնվում են աղետավտնագ գոտում, ինչի պատճառով էլ բավական մեծ ուշադրություն է դարձվում աղետների արձագանքման խնդրին:

- Մենք առավել մեծ ուշադրություն ենք սևեռել երկու կարևորագույն աղետի` երկրաշարժի և ատոմային վթարի դեմ պայքարի մեխանիզմների մշակմանը, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում գրանցվում են նաև խիստ ցրտահարության, կարկտահարության և փոթորիկների դեպքեր: Այս առումով մեզ համար շատ կարևոր է դրանց դեմ պայքարի միջոցների պլանավորումը` աղետների հասցրած վնասները մեղմելու և ռիսկերը գնահատելու տեսանկյունից: Ծրագրի մեջ կավելացվի նաև արտաքին օգնության` այդ թվում նյութատեխնիկական աջակցության պլանավորումը: Շատ կարևոր է նաև արտաքին նյութատեխնիկական օգնության դեպքում օդանավակայանում ծագող բազում խնդիրների հրատապ լուծումը և մեխանիզմների մշակումը, - նշեց Հ. Եմիշյանը:

Այս և նմանատիպ այլ հարցերի քննարկման արդյունքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին սերտ համագործակցություն ձևավորել` ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին