Նորություններ

Լրատվություն

Հայաստանը փոխառում է սողանքների դեմ պայքարի ճապոնական հարուստ փորձը

11.09.2015

ՀՀ տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով։ Հայաստանում առկա 2 հազարից ավելի սողանքային գոտիներից այսօր առավել վտանգավոր են համարվում մոտ մեկ տասնյակը: Դրանցից շատերը գտնվում են բնակավայրերի սահմաններում, միջին բարձրության լեռնային գոտիներում, գետերի ավազաններում, սարավանդներում և այլն։ Սողանքային վտանգը սպառնում է նաև տրանսպորտային մայրուղիներին, արոտավայրերին և մշակովի հողերին, պատմամշակութային հուշահամալիրներին։ Սողանքները շատ հաճախ լինում են ավերիչ և խլում բազում մարդկային կյանքեր:

2014 թ. փետրվարից ՏԿԱԻ նախարարությունը Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության (JICA) հետ համատեղ իրականացնում է «ՀՀ սողանքային աղետների կառավարում» եռամյա ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կատարել տարածքի վտանգավոր հատվածների մոնիթորինգ ու տվյալների բազաների թարմացում, ուսումնասիրություն և քարտեզագրում։ Սողանքների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ: Ծրագրի առաջին փուլում 11 առավել վտանգավոր սողանքային գոտիներից ընտրվել է 2-ը՝ Գետահովիտ և Առափի համայնքների սողանքները, որտեղ իրականացվում է հակասողանքային պիլոտային ծրագիրը: Նախատեսվում է նաև տեխնիկական աջակցություն:

ՏԿԱԻՆ ՓԾ տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանի խոսքով այդ համայնքներում արդեն իրականացվել են երկրաբանական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա սողանքային գոտիներում տեղադրվել են խորքային և մակերևութային տվիչներ:

- Դրանց միջոցով հնարավոր է գրանցել սողանքային մարմնի տեղաշարժը թե´ հորիզոնական, թե´ ուղղաձիգ: Պարբերաբար տվիչներից ստացվում են տվյալներ, որոնք հետագայում կավտոմատացվեն և կընդունվեն միանգամից մարզային վարչությունում ու ՃԿԱԿ-ում, - նշեց Ա. Մուրադյանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև հորիզոնական հորատումների անցկացում, որոնք դուրս կմղեն գրունտային ջրերը և թույլ կտան ապահովել որոշակի զսպվածություն: Ներկա փուլում հայ մասնագետներից կազմված խումբը, ճապոնացի մասնագետների օգնությամբ, ուսումնասիրում է ճապոնական հակասողանքային միջոցառումների ժամանակակից մեթոդները և հարուստ փորձը՝ հողային և ջրահեռացման աշխատանքների ճիշտ կազմակերպում, լանջերի կայունացման հաշվարկի մեխանիզմներ և այլն:

JICA-ի ծրագրով Հայաստան ժամանած ճապոնացի Ֆումիո Նակամուրան հավատացած է, որ Հայաստանը սողանքի դեմ պայքարում մեծ հաջողություններ կարող է գրանցել: Նրա խոսքով՝ Հայաստանի հիմնական և առաջնային նպատակը պետք է լինի այդ պայքարի մեխանիզմների և տեխնոլոգիաների զարգացումը, իսկ խնդրի մասայականացումն էլ ավելի կօգնի Հայաստանին:

- Ճապոնիայում սողանքների դեմ պայքարն ունի ձևավորված ավանդույթներ: Դեռ վաղ ժամանակներից` 300-400 տարի առաջ, մարդիկ փորձում էին պայքարել դրանց դեմ, սակայն արդյունավետ միջոցներ մշակվել են վերջին 60 տարվա ընթացքում:

Ըստ ճապոնացի մասնագետի` իրենց երկրում սողանքավտանգ տարածքները նախ մոնիթորինգ են արվում, հետազոտվում և վերլուծության են ենթարկվում, ապա կատարվում են նախագծման աշխատանքները: Երբ հասկանում են սողանքի շարժման ուղղությունը, սկսում են իրականացնել հակասողանքային միջոցառումներ` պատնեշների կառուցում, հողահեռացում, խարսխային, պողպատյա ձողերով ամրացման աշխատանքներ և այլն:

- Ճապոնիայում 50 տարվա ընթացքում 1000 վտանգավոր սողանքների թիվը նվազեցվել է շուրջ 100-ի: Այս հարուստ փորձը մենք ցանկանում ենք փոխանցել մեր հայ գործընկերներին, - հավելեց Ֆ. Նակամուրան:

Երկու ամիս աշխատելով ՏԿԱԻ նախարարությունում՝ ճապոնացի մասնագետները հասցրել են մտերմանալ աշխատակիցների հետ, յուրացրել հայկական նիստուկացն ու նույնիսկ ծանոթացել հայկական ճաշատեսակներին: Օրերս նա հաճելի անակնկալ էր պատրաստել. նախարարության աշխատակիցները ճաշակեցին Ֆ. Նակամուրայի աջակցությամբ պատրաստված ճապոնական սուշին:

- Այստեղի խոհարարները բավական հմուտ են պատրաստում: Բոլոր երկրներում սուշին տարբեր համ ունի, ու ես հավանեցի Հայաստանի և հայ խոհարարի սուշին: Ճիշտ է իմ հիմնական առաքելությունը սողանքի դեմ պայքարի հարցում Հայաստանին օգնելն է, բայց տեղի խոհարարի խնդրանքով ես համաձայնեցի նրան բացահայտել սուշիի պատրաստման գաղտնիքները` որպես հայ-ճապոնական բարեկամության նշան,- կատակում է Ֆ. Նակամուրան,- հայկական ճաշատեսակներից բոլորը հավանում եմ, բայց առավել շատ նախընտրում եմ խաղողի թփով դոլման:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին