Նորություններ

Լրատվություն

Հայ փրկարարները միջազգային որակավորման քննություն են հանձնում

03.09.2015

Սեպտեմբերի 3-4-ը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային որոնողափրկարարական թիմն (ՔՈՓ) անցնում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի վերջին՝ որակավորման փուլը:

Այդ նպատակով իրականացված «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն ընթանում է «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում:

INSARAG-ը հիմնվել է 1991 թ.՝ Մեքսիկայում 1985 թ. տեղի ունեցած և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո և նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 2011 թ. Հայաստանը հայտ է ներկայացրել INSARAG-ի արտաքին որակավորում անցնելու համար։ Դրանից հետո ստանալով համապատասխան վկայական` հայկական թիմն իրավունք կստանա մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին։ ՄԱԿ-ում նման որակավորում անցնելը մեծ պատիվ կլինի Հայաստանի համար, քանի որ նույնիսկ շատ զարգացած պետություններ դեռևս բավարար պատրաստվածություն չունեն այդ կառույցին անդամակցելու համար:

                                                                                                                    

INSARAG-ի որակավորման գործընթացն անցնելու համար անհրաժեշտ է հատուկ փորձագետների դրական եզրակացություն։ ՏԿԱԻ նախարարությունը դիմել էր Լեհաստանի ՆԳՆ պետական հրդեհային ծառայությանը` խնդրելով նրանց փորձագետների աջակցությունը հայկական թիմի ոսուցման և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման գործում։

Որակավորման վարժանքի ընթացքում ստուգվելու են որոնողափրկարարական թիմի ղեկավարման կարողությունները, փրկարարների գիտելիքներն ու արձագանքման հմտությունները, ինչպես թիմի բժշկական և նյութատեխնիկական ապահովումը։ Ուսումնավարժությանը մասնակցում է 50 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ)։ Վարժանքի ամբողջ ընթացքին հետևում են են ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակը ներկայացնող փորձառու մասնագետներ, որոնք էլ գնահատելու են հայկական թիմի պատրաստվածությունը և որոշեն, թե արդյո՞ք հայկական թիմը պատրաստ է անդամակցելու INSARAG-ին:

Սցենարի համաձայն՝ պայմանական երկրի տարածքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է X քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնի խորությունն է 15 կմ, մագնիտուդը` 7.2: Տուժած երկրի կառավարությունն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը, քանի որ տեղական ուժերը բավարար չեն արձագանքելու համար: Երկրաշարժի մասին «տեղկությունը» ստանալուց հետո ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հավաքում և վերլուծում են տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ առկա տեղեկատվությունը, այնուհետև փոխանցում INSARAG-ի ազգային համակարգողին:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ նախարարությունում անցկացված խորհրդակցությանը ՀՀ-ում INSARAG-ի համակարգող, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը զեկուցում է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի արձագանքման հնարավորությունների և ձևաչափի մասին, որից հետո իրականացվում է թիմի ազդարարում:

 

Դրան զուգահեռ հավաքվում են աղետի մասին տեղեկություններ, պատրաստվում են փրկարարական գույքի, սպառման նյութերի և տեղակայման բազայի գույքացուցակները, իսկ թիմն անցնում է բժշկական զննում։

Վարժանքի հաջորդ տեղամասը պայմանական օդանավակայանն է, որտեղ իրականացվում է մեքենաների, գործիքների, սպառման նյութերի բեռնումն ինքնաթիռ: Որոնողափրկարարական թիմը «մեկնում է» տուժած երկիր։ Այնտեղ ևս ՔՈՓ թիմը տեղի «օդանավակայանում» անցնում է անձնագրային, մաքսային, բժշկական զննություն և շտապում աղետի գոտի: Որակավորման վարժանքը տևելու է 36 ժամ: Լուսակերտում արդեն ծավալվել է տեղակայման բազա, իսկ վարժանքի գործնական փուլի որոնողափրկարարական աշխատանքները կանցկացվեն Արզնու ձորում։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին