Նորություններ

Լրատվություն

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում

28.08.2015

Օգոստոսի 28-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տեղի ունեցավ ամառային արձակուրդներից հետո առաջին խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:

Նախապատրաստվում է 2 խոշոր վարժանք


Նախարարի հանձնարարականով՝ համապատասխան աշխատանքներ են տարվում սեպտեմբերին անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ, որին մասնակցելու են ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինները:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Ս. Ազարյանը զեկուցեց նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում անցկացվող վարժանքի մասին։ ՏԿԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմերը հայտ են ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին` արտաքին որակավորում անցնելու համար, ինչը թույլ կտա մասնակցել միջազգային փրկարարական աշխատանքներին:

Ծառայություններն ակտիվ աշխատել են

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնեց նաև ֆրանսիացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցության և սպասվող խոշոր ձեռքբերումների մասին: Գործակալությունն առաջիկայում ձեռք կբերի 6 նորագույն սեյսմիկ կայան:

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ օգոստոս ամսին գրանցված ջերմաստիճանին: Ծառայության պետը հայտնեց մարզերում կազմակերված ագրոսպասարկման սեմինարների դրական արձագանքների մասին, որոնց մասնակցել են համայնքապետեր և ֆերմերներ:

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց օգոստոս ամսին հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում դիտվել են կարկտավտանգ ամպեր, գործել է 90 հակակարկտային կայան, իրականցվել է մոտ 17.400 կրակոց:

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ծառայության պետը փաստեց, որ պահպանվում է հայցերի դրական պատասխանների տոկոսային աճը:

ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնեց, որ ավարտվել են ազդարարման համակարգի պիլոտային ծրագրի աշխատանքները և ներկայացրեց ՀՀ ազդարարման համակարգի ներդրման ծրագիրը:

Ուսանողական հավաք և մանկական ճամբար

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց 2015-2016թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների անցկացման մասին: Այս տարի գրանցվել են ընդունելության բավական բարձր ցուցանիշներ:

ՃԿՊԱ պրոռեկտոր Կ. Ոսկանյանը զեկուցեց «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքում ակադեմիայի ուսանողների մասնակցության և ձեռքբերումների մասին: Բարձր ցուցանիշներ են գրանցվել հատկապես ինտելեկտուալ և գեղարվեստական մրցույթներում:

ՏԿԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանը զեկուցեց նախարարության ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաների հանգստի կազմակերպման մասին: Այս ամռանը, ինչպես և նախորդ տարի, 132 երեխա ամառային հանգստից 10 օր անցկացրել է Լոռու «Գուգարք» ճամբարում:

Լ. Մելիքյանի փոխանցմամբ՝ երեխաները հետաքրքիր և հագեցած օրեր են ունեցել: Ճամբարում կազմակերպվել են գեղարվեստական և սպորտային տարբեր միջոցառումներ, իսկ Լոռու մարզի փրկարար վարչության և «ՍՊԾ» գործակալության աշխատակիցները դասընթացներ են անցկացրել ու կազմակերպել ուսումնավարժանքներ: Երեխաների ծնողներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՏԿԱԻ նախարարությանն ու արհմիութենական կազմակերպությանը` իրենց զավակներին նման տոն պարգևելու համար:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին