Նորություններ

Լրատվություն

ՀՀ փոխվարչապետը գոհ է նոր մայրուղու կառուցման եւ Աջափնյակի թիվ 168 դպրոցի վերակառուցման ընթացքից

14.05.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Լինսի հիմնադրամով վերակառուցվող Աջափնյակի թիվ 168 դպրոց, եղավ Երեւանի Հերացի, Սարալանջի եւ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու շինհրապարակներում՝ շինարարական աշխատանքների ընթացքին հերթական անգամ ծանոթանալու նպատակով:

Հերացի, Սարալանջի եւ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղին «Լինսի» «Երեւանի փողոցների վերականգնում» ծրագրով կառուցվում է առանձին չորս հատվածներով եւ նախատեսվում է ավարտին հասցնել օգոստոսի վերջին:
Հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահը եղավ բոլոր չորս հատվածներում՝ ստուգայցն սկսելով «Հերացի - նոր մայրուղի» թունելային անցման տեղամասից: Շինարարության ընթացքն արագացնելու համար փոխվարչապետը թունելի կառուցումն իրականացնող «Ճանապարհ» եւ «Արթուն» կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարեց այն ավարտել այս տարվա օգոստոսի երկրորդ կեսին:

Մայրուղու մյուս հատվածում նա ծանոթացավ Հերացի փողոցի վերգետնյա կամրջի հենարանների կառուցման, տրանսպորտային թունելի պատերի, ջրագծերի վերատեղադրման, կառույցի սկզբնամասում ծածկի կառուցման աշխատանքներին: Տրանսպորտային հանգույցը ժամանակին ավարտելու համար հանձնարարվեց ներգրավել լրացուցիչ ուժեր՝ աշխատանքներին մասնակից դարձնելով մեկ այլ կազմակերպության:

«Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը գոհունակություն հայտնեց իրականացվող աշխատանքների որակից եւ ընթացքից:

«Դպրոցաշինություն» ծրագրով իրականացվող Աջափնյակի թիվ 168 դպրոցի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2007 թվականի փետրվարին եւ կավարտվեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը:

Վերակառուցման արդյունքում, դպրոցի շենքն ամրացվել է՝ այն համապատասխանեցնելով 9 բալանոց սեյսմակայունության (նախկին 7-ի փոխարեն), կատարվել են ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ: Բացի շենքը ցանկապատելուց, դպրոցի համար կառուցվել է 2-րդ մարզադահլիճ, հանդիսությունների եւ սպորտային հրապարակներ: 1060 աշակերտի համար նախատեսված շենքն այսուհետ կջեռուցվի նոր կաթսայատնով:

«Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այստեղ եւս գոհ մնաց կատարվող աշխատանքից։
Ծրագրով հատկացված 1 մլրդ դրամով դպրոցին նաեւ նոր գույք կհատկացվի:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին