Նորություններ

Լրատվություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

12.05.2008


Ս.թ. մայիսի 6-ի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի եւ Համաշխարհային Բանկի պատվիրակության միջեւ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն ընդունեց ՀԲ-ի պատվիրակությանը՝ ավելի մանրամասն քննարկելու աղետների կանխարգելման ոլորտում անելիքները:

Բանկի ներկայացուցիչ Ն. Մելքումյանի այն հարցին, թե ինչքանո՞վ է կառավարությունը կարեւորում արտակարգ իրավիճակների կանխարգելումը, փոխնախարարը պատասխանեց, որ ՀՀ կառավարության նոր ծրագրով արտակարգ իրավիճակների կանխարգելումը հանդիսանում է ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղղություններից մեկը եւ որ արդեն ստեղծվել է արտակարգ իրավիճակների նախարարություն, որի կանոնադրությունը շուտով կհաստատվի: Սակայն դա չի նշանակում, որ այդ ոլորտի խնդիրները նոր են, որովհետեւ նախարարության հիմնական կառուցվածքները վաղուց կային։ Պարզապես խնդիրը կարեւորելու նպատակով քաղաքական մեկ տանիքի տակ են համախմբվել:

Նա վստահեցրեց, որ ԱԻ նախարարը միջոցներ կձեռնարկի խնդրի առաջնահերթությունն ապահովելու համար:

Ոլորտի օրենսդրական դաշտին առավել հանգամանալից ծանոթանալու համար փոխնախարարը Բանկի ներկայացուցիչներին առաջարկեց հանդիպել արտակարգ իրավիճակների նախարարության՝ մասնավորապես, փրկարար ծառայության ղեկավարության հետ, լինել նաեւ մարզերում, քանի որ ոչ մի աղետի կանխարգելում չի կարելի իրականացնել առանց սուբյեկտի մասնակցության: Նա առաջարկեց նաեւ գույքագրել այս ուղղությամբ ձեռնարկված բոլոր ծրագրերը, քանի որ խնդիրը բազմիցս քննարկվել է նաեւ JICA-ի, ԱԶԲ-ի եւ միջազգային այլ ֆինանսական եւ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք, փոխնախարարի կարծիքով, սիրով կաջակցեն Համաշխարհային բանկին:

Բանկի ներկայացուցիչ Ջ. Կամկվալալան հավելեց, որ եթե Բանկի ռազմավարությունը նախկինում ուղղված էր աղետների հետեւանքների վերացմանը, ապա հիմա կարեւորվում է աղետների կանխարգելումը: Բացի այդ Բանկն արդեն հաստատել է ֆինանսական մի մեխանիզմ, որով, դիմելու դեպքում, եռօրյա ժամկետում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ են տրամադրվում՝ աղետի հետեւանքները վերացնելու համար:

Հանդիպման ավարտին փոխնախարարը մեկ անգամ եւս համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջազգային համագործակցության բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին