Նորություններ

Լրատվություն

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեցին ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման խնդիրները

08.05.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Ոռոգման համակարգերի զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ղեկավարներ, բոլոր մարզերի ջրօգտագործողների 60 ընկերությունների (ՋՕԸ) տնօրենները։

Ոլորտի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը հստակ եւ կոնկրետ պահանջներ դրեց։ Նա նշեց, որ առաջին եռամսյակում լավ չի կազմակերպվել տրված ոռոգման ջրի դիմաց հասույթի հավաքագրումը։ ՀՀ կառավարությունը կփորձի սկզբունքային լուծումներ տալ օբյեկտիվ պատճառներին։ Իսկ որպես սուբյեկտիվ պատճառ՝ մատնանշվեց երկրի ներքաղաքական իրավիճակը։

«Մենք պետք է աշխատանքային այնպիսի սկզբունքներ եւ ավանդույթներ որդեգրենք, որպեսզի զերծ մնանք քաղաքական ներգործություններից։
Այսուհետ որեւէ մեկը սպառած ջրի դիմաց վարձավճարը մուծելուց չպետք է խուսափի։ Արտոնյալներ չպետք է լինեն»,-ասաց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ հիշեցնելով 2-3 տարի առաջ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց, շարքային գյուղացիներն ավելի պարտաճանաչ էին վճարել, քան՝ խոշոր ֆերմերները։

Նա ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց վարձավճարների հավաքագրումն սկսել իրենցից եւ իրենց բարեկամներից, ջրամատակարարումը չդարձնել անձնական հարցերի լուծման միջոց։ Իսկ նախկինում վճարումներից խուսափողների հետ խնդիրներ ունենալու, իրենց նկատմամբ ճնշումներ լինելու դեպքում՝ տեղյակ պահել։ Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը կընկնի հենց իրենց վրա։

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կարեւորեց նաեւ ՋՕԸ-երի ղեկավար մարմինների՝ վարչական խորհուրդների դերի բարձրացումը եւ նրանց լիազորված լծակների կիրառումը։

Նա հայտնեց, որ Հարկային պետական ծառայության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի այն ՋՕԸ-երին, որոնց հաշիվները կալանքի տակ են, հնարավորություն տրվի ժամանակացույցով փակեն պարտքերը։

ՀՀ փոխվարչապետը ՋՕԸ-երի ղեկավարներին հանձնարարեց՝

- ջրօգտագործողներին ապահովել պահանջարկին համապատասխան ոռոգման ջրով,
- միջոցներ ձեռնարկել երաշտին բնորոշ եղանակային պայմաններում ոռոգման ջրի տնտեսման ուղղությամբ,
- ամբողջությամբ ապահովել մատակարարված ոռոգման ջրի դիմաց գանձումները՝ անկախ ջրօգտագործողի դիրքից ու
 պաշտոնից,
- ղեկավարվել ջրօգտագործողների ընկերությունների ընդհանուր ժողովներով հաստատված բյուջեներով, թույլ չտալ բյուջեի
 ծախսային հոդվածների գերածախս,
- 2008 թվականի գործունեության արյունքներով բացառել կրեդիտորական պարտքերի առկայությունը։

ՋՕԸ-երի ղեկավարների բարձրացրած հարցերի առթիվ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն առանձին հանձնարարականներ տվեց։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին