Նորություններ

Լրատվություն

Ստորագրվեց համաձայնագիր ՀՀ եւ ՌԴ տարածքային կառույցների միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով

30.01.2008

Այսօր Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովի եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի կողմից այսօր ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տարածքային կառույցների միջեւ համագործակցության ամրապնդման համաձայնագիր:

Մինչ այդ առանձնազրույց էին ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովը, ապա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հետ ընթացել էին բանակցություններ՝ ընդլայնված կազմով՝ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիների վերաբերյալ:

«Մենք շատ կարեւորում ենք ՀՀ եւ ՌԴ տարածքային կառույցների միջեւ համագործակցության ամրապնդումը եւ այն դիտարկում ենք որպես երկու երկրների փոխշահավետ գործընկերության հեռանկարային ուղղություններից մեկը։

Վերջին շրջանում ՌԴ տարածքային կառույցների հետ արդյունավետ առեւտրատնտեսական համագործակցությանը զուգընթաց ձեւավորվում է միջտարածաշրջանային համագործակցության իրավական դաշտը: Համաձայնագրեր են ստորագրվել Լենինգրադի, Սարատովի, Աստրախանի, Կիրովի շրջանների, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի կառավարության հետ:

Մենք տպավորված ենք Մոսկվայի նահանգի վերջին տարիների տնտեսական ձեռքբերումներով։ Դա միայն դրական ներգործություն կարող է ունենալ ՀՀ եւ Մոսկվայի նահանգի առաջիկա համագործակցության ամրապնդման գործում», - Բ. Գրոմովի գլխավորությամբ Երեւան ժամանած պատվիրակության եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների միջեւ ընդլայնված կազմով անցկացված բանակցությունների ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Բ. Գրոմովը նշեց. «Պայմանավորվել ենք Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններից անմիջապես հետո ստեղծել ընդհանուր աշխատանքային խումբ։ Կոնկրետ ծրագրեր կիրականացվեն գյուղատնտեսության, շինարարության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում»:

ՀՀ եւ ՌԴ տարածքային կառույցների միջեւ ներկայիս փոխհարաբերությունները գնահատելով լավ` Բ. Գրոմովը շեշտեց, որ 2006-ին ապրանքաշրջանառությունը հասել է գրեթե 40 մլն դոլարի, ինչը, նրա դիտարկմամբ, այնքան էլ մեծ չէ: Նա հույս հայտնեց, որ այս համաձայնագիրը կնպաստի մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Մոսկվայի մարզի նահանգապետը նշեց նաեւ, որ ուրախ է տեսնել Հայաստանի գեղեցիկ մայրաքաղաքը, հանդիպել ընկերներին, ինչն արդեն լավ ավանդույթ է դարձել:

Նշենք, որ այս համագործակցության համար հիմք է հանդիսանում 2001թ. սեպտեմբերի 15-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագիրը` համագործակցության սկզբունքների մասին:

Հայաստան կատարած այցի շրջանակներում Բ. Գրոմովը ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ այցելեց Մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Եղեռնի զոհերի հիշատակին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին