Նորություններ

Լրատվություն

Հայաստանի համայնքների ասոցիացիան 10 տարեկան է

26.12.2007

Տաս տարի առաջ՝ դեկտեմբերին, ստեղծվեց Հայաստանի համայնքների ասոցիացիան՝ ձեւավորելով տեղական ինքնակառավարման շահերի ներկայացման հանրային համակարգ։ Նրա շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում ապահովել միջհամայնքային համագործակցություն, ինչպես նաեւ պետական մարմինների հետ հաստատել առավել սերտ փոխգործակցություն: Որպես արդյունք՝ երկրում առաջ եկավ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ուղղակի եւ շահագրգիռ երկխոսության միասնական դաշտ։

Այսօր Հայաստանի համայնքների ասոցիացիան նշեց իր տարեդարձը՝ ներկայացնելով կատարված աշխատանքը եւ ամփոփելով «Լավագույն համայնք-2007» մրցույթի արդյունքները:

«Հայաստանի համայնքների ասոցիացիայի գործունեությունն ուղղված է համայնքների կայացմանը եւ փոխգործակցությանը: Նրանք այսօր կարողացել են ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք ունենալ արդյունավետ տեղական ինքնակառավարում»,- շնորհավորելով ասոցիացիայի տարեդարձը՝ նշեց ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Տեղական ինքնակառավարման ոլորտի յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է համատեղ աջակցությամբ: ՀՀ տարածքային կառավարման նախարարն ընդգծեց, որ այսօր մեծ ուշադրություն է դարձվում տարածքային կառավարմանը, սահմանամերձ շրջաններին եւ ծրագրերի մեծ մասն ուղղված է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը:

Խոսելով համայնքների կայացման գործընթացից, Հ. Աբրահամյանը նշեց, որ անցած տարիների համեմատությամբ, համայնքների մեծ մասն արդեն լիարժեք կայացել է:«Բայց ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք բոլոր խնդիրները լուծել: Վարչապետը շատ մեծ ուշադրություն է դարձնում տարածքային զարգացմանը , դա ընդունվել է գերակա ուղղություն: Կարծում եմ, առաջիկայում կունենանք կայացած համայնքներ՝ զարգացած ենթակառուցվածքներով»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարը:

Ըստ Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ Էմին Երիցյանի՝ 1996 թվականից սկսած օրենսդրական փոփոխություններն ու պրակտիկ քաղաքական զարգացումները թույլ են տվել էականորեն բարձրացնել տեղական ինքնակառավարման դերը հասարակության եւ պետության կյանքում։ Այսօր համայնքները պետական մարմինների հետ միասին լիարժեք պատասխանատվությամբ մասնակցում են համապետական շատ խնդիրների լուծմանը: Ոլորտում իրականացված բարեփոխումներից նա առանձնացրեց ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում համայնքների գործունեության նկատմամբ վարչական վերահսկողության դրույթների բարելավմանն ուղղված փոփոխությունները, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը , Երեւան քաղաքի կառավարման համակարգի բարեփոխումները: Այս բոլորին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ասոցիացիան:

Ըստ նրա՝ համայնքները մեծ պատասխանատվություն են կրում հատկապես ՀՀ նախագահի ընտրությունների շրջանում, որի արդյունքներով, խորհրդարանական ընտրություններից հետո, նոր Սահմանադրության շրջանակներում առաջիկա տարիների համար կձեւավորվեն երկրի գործադիր իշխանության մարմինները :
Ամփոփվեց նաեւ «Լավագույն համայնք-2007» մրցույթի արդյունքները. 2007-ին Հայաստանի լավագույն համայնքներ են ճանաչվել Երեւանի «Ավան» թաղային համայնքը, Արմավիր քաղաքը եւ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղական համայնքը: Մրցույթն անցկացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի հետ համատեղ՝ համայնքների կողմից գրավոր ներկայացված հայտերի հիման վրա:

Նշենք, որ «Լավագույն համայնք-2006» մրցույթում լավագույն համայնքներ են ճանաչվել Երեւանի «Նոր Նորք» թաղային համայնքը, Գյումրի քաղաքը եւ Շիրակի մարզի Փանիկի գյուղական համայնքը:
Համայնքային կյանքի լավագույն լուսաբանման համար պարգեւատրվեցին նաեւ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին