Նորություններ

Լրատվություն

Տեղեկատվակական համակարգերը մուտք են գործում պետական կառավարման համակարգ

29.10.2007

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում հուլիսի 1-ից գործում է Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ։ Միաժամանակ ընթացքի մեջ է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը:

Այս երկու համակարգերը հոկտեմբերի 26-ին ներկայացվեցին «Դիջիթեք -2007» տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում: Այսպիսով, երրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեցին պետական կառավարման համակարգում կիրառվող տեղեկատվական համակարգերը:

Նախարարության ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների եւ կապի վարչության պետ Սուրեն Կոշեցյանի գնահատմամբ, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ եւ արագ կազմակերպել տվյալների փոխանցումը: Առայժմ նոր համակարգին զուգահեռ կիրառվում է նաեւ թղթային համակարգը:

«Երբ կունենանք միասնական ցանց, որի մեջ կներգրավվեն մարզպետարանները, հետագայում նաեւ համայնքները, կստեղծվի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման եռաստիճան համակարգ, ինչը լիարժեք հնարավորություններ կստեղծի»,-ասաց Սուրեն Կոշեցյանը:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով համայնքապետարաններում արդեն սկսվել են լոկալ ցանցերի ստեղծման աշխատանքները։ Յուրաքանչյուր համայնքից կվերապատրաստվեն 4 մասնագետներ, ովքեր հետագայում կապահովեն եւ կշահագործեն համակարգը:

Առաջին փուլով Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը կկիրառվի Երեւանի 12 թաղապետարանում եւ Հայաստանի 30 խոշոր քաղաքում:

Այն ամբողջությամբ նախատեսված է շահագործել 2008 թվականի վերջին՝ քաղաքային եւ գյուղական 217 համայնքում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին