Նորություններ

Լրատվություն

Այցելություն Արարատի մարզ

23.08.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզ։

Բարձրաստիճան պաշտոնյաներն առաջինը ծանոթացան ֆերմեր Հենրիկ Եղիազարյանի հաջողություններին։ Կառավարության կողմից բավական մատչելի գներով տրամադրված տրակտորի, աշխատասիրության եւ մասնագիտական մոտեցման շնորհիվ, չնայած անբարենպաստ եղանակներին, ֆերմերին հաջողվել է առավել բարձր արդյունքներ ունենալ։ Նա մեկ հա-ից ստացել է մինչեւ 70 տոննա լոլիկ եւ մինչեւ 60 տոննա սմբուկ։

Կարճ ժամանակում կատարված խոշոր ներդրման շնորհիվ Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանը վերազինվել է ժամանակակից տնխնոլոգիաներով` տարեկան ապրանքաշրջանառությունը հասցնելով 1 մլրդ դրամի։

Մթերման կազմակերպումից գյուղացիները չեն դժգոհում։ Ավելին` գործարանը պատրաստակամություն է հայտնել ընդունելու նաեւ այլ մարզերի մնացորդային միրգն ու բանջարեղենը։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը շեշտում է, որ կատարվող ներդրումը կառավարության, երկրում վարվող տնտեսական քաղաքականության հանդեպ վստահության արդյունք է։
նա միաժամանակ ձեռնարկության սեփականատեր Սերգո Կարապետյանին հորդորում է ժամանակին հատուցել մթերումների դիմաց։

Նույն օրը փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքված գյուղացիների ծափողջույնների ներքո բացեց խորքային հորի փականը։ 130 մետր խորություն ունեցող այս հորից ստացվող 60 լիտր/վրկ ծավալի ջրով ավելի քան 60 հա հողատարածք կփրկվի անապատացումից։

Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ մայրուղու մյուս կողմում եւս շուտով նոր հորեր կկառուցվեն, որոնց շնորհիվ ոռոգելի կդառնան եւս 130 հա այգիներ։

Արաքսավան եւ Հովտաշեն գյուղերում եւս բարձրաստիճան հյուրերին մեծ ոգեւորությամբ ու ջերմությամբ ընդունեցին։ Գյուղերը, որ երբեւէ գազաֆիկացված չեն եղել, ապահովվեցին երկնագույն վառելիքով։

«Երկրի նախագահը, վարչապետը խնդիր են դրել գազաֆիկացնել մեր բոլոր 930 համայնքներրը, ավարտել դրանց ենթակառուցվածքներով ապահովումը։ Ամենից կարեւորն այն է, որ կառավարությունը դեմքով շրջվել է դեպի գյուղ, եւ լավ պատկերացնելով առկա խնդիրները, ձեռնամուխ է եղել դրանց լուծմանը»,-հավաքված գյուղացիներին դիմելով, ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին